Աստղագետների մի խումբ, օգտագործելով Հաբլի տիեզերական դիտակով կատարած դիտումները` հայտնաբերել են գաճաճ մոլորակ Պլուտոնի թվով 5-րդ արբանյակը:
Նոր հայտնաբերված արբանյակը Հաբլի տիեզերական դիտակով ստացված պատկերներում երևում է որպես փոքր լուսավոր կետ: Արբանյակի համար կատարված գնահատականները ցույց են տալիս, որ այն ունի անկանոն տեսք, իսկ չափերն ընկած են 10-ից 25 կիլոմետրի սահմաններում: Այն Պլուտոնի շուջ պտտվում է մոտավորապես 95000 կիլոմետր տրամագիծ ունեցող շրջանագծով, որն ընկած է նույն հարթության մեջ, որով պտտվում են Պլուտոնի մյուս 4 արբանյակները:
Մարկ Շոուալտերը («SETI Institute in Mountain View», ԱՄՆ) գլխավորել է այն խումբը, որն էլ հենց հայտնաբերել է այս նոր արբանյակը: Նրանց մասնավորապես շատ է հետաքրքրել այն փաստը, որ Պլուտոնի նման գաճաճ մոլորակը կարող է ունենալ այսպիսի «հարուստ» արբանյակային համակարգ: Այս նոր հայտնաբերումը հավելյալ հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու Պլուտոնի արբանյակային համակարգի առաջացման մոդելները: Ըստ ամենաընդունված մոդելի այն առաջացել է միլիարդավոր տարիներ առաջ Պլուտոնի և Կոյպերի գոտու այլ օբյեկտի բախման հետևանքով:
Հիշեցնենք, որ Պլուտոնի մեծագույն արբանյակը` Հարոնը, հայտնաբերվել է 1978 թվականին: 2006 թ.-ին Հաբլի տիեզերական դիտակի միջոցով հայտնաբերվել են ևս երկու արբանյակներ` Նիկտան և Հիդրան: 2011 թ.-ին կրկին Հաբլի տիեզերական դիտակի միջոցով հայտնաբերվել է արդեն 4-րդ արբանյակը, որը անվանվել է պարզապես P4: Իսկ 5-րդ արբանյակը, որը անվանվել է P5` դիտվել է Հաբլի տիեզերական դիտակի Լայն Դիտողական Դաշտով խցիկով (Wide Field Camera 3) ստացված 9 տարբեր պատկերներում (դիտված հունիսի 26-ին, 27-ին և 29-ին, ինչպես նաև հուլիսի 7-ին և 9-ին):
Հղումներ` Հաբլի Տիեզերական Դիտակի պաշտոնական կայք
Թողնել կարծիք