
1825 թ. մարտի 21-ին (Հուլյան օրացույցով մարտի 9-ին) ծնվել է հայտնի ռազմական գործիչ, նորարար, ավիացիայի «պիոներ» Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մոժայսկին:
Մոժայսկին ծնվել է հայտնի Ռուս ծովակալ Ֆյոդոր Տիմոֆեեվիչ Մոժայսկու ընտանիքում: Գերազանց կերպով ավարտելով նախնական կրթությունը 1841 թ., մեկ տարի անց ստանում է նավատորմային առաջին կոչումն ու սկսում ծառայությունը Ռուսական նավատորմում: 7 տարի Բալթիկ և Սպիտակ ծովերում տարբեր նավերով նավարկելուց հետո 1849 թ. ստանում է լեյտենանտի կոչում:
Մինչև 1882 թ. նա որոշ ընդհատումով ծառայել է Ռուսական նավատորմում` հասնելով գեներալ-մայորի կոչմանը, իսկ արդեն ծառայությունը լքելուց հետո այդ կոչումը փոխարինվեց «կոնտր-ադմիրալ»-ով: Սակայն արդեն 1876թ. նա սկսել էր աշխատել իր վաղեմի երազանքի` «օդից ծանոր» (միջին խտությամբ օդից ավելի խիտ) թռչող սարքի նախագծման վրա: Ծառայության ընթացքում նա օգտագործում էր հայտնի գիտնականների հետ հանդիպելու բոլոր հնարավորություններն ու անընդհատ կատարելագործում իր նախագիծը:

1882 թ. հուլիսի 20-ին առաջին անգամ փորձարկվեց նրա նախագծած թռչող սարքը, որը նա պատրաստել էր իր սեփական միջոցներով: Այդ փորձարկման ժամանակ ինքնաթիռն արագություն հավաքելով կտրվեց գետնից, սակայն այնուհետև արագությունը կորցնելով վայր ընկավ թևի վրա և վնասվեց: Մոժայսկին փորձեց այն վերանորոգել, սակայն արդեն միջոցները չբավարարեցին: Արդյունքում ինքնաթիռը երկար տարիներ մնաց բաց երկնքի տակ, իսկ այնուհետև «ապամոնտաժվեց»: Իր մահից հետո Մոժայսկու որդին փորձեց ինքնաթիռի մնացորդները վաճառել կառավարությանը, սակայն մերժում ստացավ:
Իր նավատորմում անցկացրած տարիներին Ա. Ֆ. Մոժայսկին արժանացել է Սուբ Վլադիմիր 4-րդ աստիճանի և Սուբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանների:
Ա. Ֆ. Մոժայսկին մահացել է 1890թ. մարտի 21-ին:
Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանն է:
Թողնել կարծիք