
CREDIT: Stefan Ralew/sr-meteorites.de
Գիտնականները հայտնաբերել են մի երկնաքար, որի ամենահավանական «ծնողը» Մերկուրին է:
Ըստ երկնաքարերի ուսումնասիրմամբ զբաղվող Էնտոնի Իրվինգի, նախորդ տարի Մարոկոյում հայտնաբերված կանաչ քարը, հնարավոր է որ դառնա առաջին հայտնի երկնաքարը, որը «ժամանել» է արեգակնային համակարգի ներքին մոլորակից: Նա այս հայտնագործության մասին նշել է վերջերս Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ) տեղի ունեցած Լուսնի և մոլորակների հետազոտությանը նվիրված 44-րդ ամենամյա կոնֆերանսի ժամանակ: Այդ հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ NWA 7325 անվանված կանաչ երկնաքարը ոչ Մարսից է, ոչ էլ աստղակերպ, այլ ծագմամբ Մերկուրիից է:
NWA 7325-ը բաղկացած է 2012թ. Մարոկոյում հայտնաբերված 35 երկնաքարերից: Իրվինգն ու իր խումբն այն գնահատում են մոտ 4.56 միլիարդ տարեկան:
Իր զեկույցի ժամանակ Իրվինգը նշել է. «այն կարող է Մերկուրիից պոկված լինել, կամ էլ Մերկուրիի նման, բայց ավելի փոքր չափերի մարմնից» և ավելացրել. «NWA 7325-ը հզոր դուրս հրման շնորհիվ կարող էր Մերկուրիից դուրս շպրտված լինել դեպի Երկիր»:
Էնտոնի Իրվինգը Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր է, ով երկար տարիներ զբաղվում է երկնաքարերի հետազոտմամբ: SPACE.com-ի հետ զրույցում Իրվինգը ասել է, որ NWA 7325-ը նախկինում Երկրի վրա հայտնաբերված ոչ մի երկնաքարի նման չէ:
Մարսյան երկնաքարերը պարունակում են նաև չնչին քանակով Մարսյան մթնոլորտի տարրեր, ինչը թույլ է տալիս վերջիններս հեշտությամբ զանազանել այլ երկնաքարերից: Հայտնի ամենամեծ աստղակերպերից մեկից` Վեստայից եկած երկնաքարերը նույնպես տարբերվում են իրենց բաղադրությամբ, սակայն NWA 7325-ը առայժմ հայտնի ոչ մի երկնային օբյեկտից եկած երկնաքարի հետ չի նույնացվում:
Իրվինգը կարծում է, որ երկնաքարն առաջացել է մի մոլորակում, կամ այլ մարմնում, որի մակերևույթով այդ ժամանակ մագմա է հոսել: Ըստ Իրվինգի` փաստերը վկայում են, որ այս քարը կարող էր առաջացած լինել մագմայի մակերևույթի վրա որպես «փրփուր»:
Նա նշել է նաև, որ NWA 7325-ի մագնիսական հատկությունները (իր միջով անցնող իր «մայր» տիեզերական մարմնի մագնիսական դաշտը) շատ ավելի թույլ են, քան նախկինում հանդիպած երկնաքարերինը: Այժմ Մերկուրիի շուրջ գտնվող ուղեծրում պտտվող Մեսենջեր արբանյակի կողմից ստացված տվյալները ցույց են տալիս, որ Մերկուրիի թույլ մագնիսական դաշտը հիշեցնում է այդ երկնաքարինը:
Մեսենջերի դիտումները նույնպես հավելյալ տվյալներ են ապահովել Իրվինգի վարկածի օգտին: Բանն այն է, որ այն գիտնականներն, ովքեր ծանոթ են Մերկուրիի երկրաբանական և քիմիական կառուցվածքին, կարծում են որ Մերկուրիի մակերևույթն աղքատ է երկաթից: Քանի որ հայտնաբերված երկնաքարը նույնպես շատ քիչ քանակի երկաթ է պարունակում, կարելի է եզրակացնել, որ որտեղ էլ որ այն առաջացած լինի, իր «մայր» աստղագիտական մարմինը հիշեցնում է Մերկուրի մոլորակը:
Չնայած Մեսենջերի պլանավորված առաջին հետազոտությունն ավարտվել է, նրանց խումբը դիմել է հաջորդ երկու տարիների ընթացքում շարունակելու դրա միջոցով մոլորակի հետագա հետազոտումը: Եթե հաջողվի Մեսենջերի աշխատանքները շարունակել միչև 2015թ., ապա ստացված գիտական արդյունքները թույլ կտան հաստատել կամ ժխտել այդ երկնաքարի առաջացման Իրվինգի վարկածը: Վերջում Իրվինգն ավելացրել է, որ չնայած Երկրի վրա Մերկուրիից եկած երկնաքար հայտնաբերելն ավելի քիչ հավանական է քան Մարսյան երկնաքարի հայտնաբերումը, այնուամենայնիվ փոքր հավանականություն կա:
Աղբյուրը` SPACE.com
http://www.aples.am/am/տար-բեր/56-այլ/կանաչ-երկնաքար-մերկուրիից