«Այս հարյուրամյակի աստղագետներից միայն պրոֆեսոր Յան Օորտը կարող է համեմատվել ակադեմիկոս Համբարձումյանի հետ աստղագիտության հանդեպ իր հաստատուն նվիրվածությամբ, չնայած մնացած ամեն ինչում նրանք տարբեր են իրարից: 21-րդ դարի գիտության պատմաբանների համար արժեքավոև թեմա կլինի այդ երկու խոշորգիտական այրերի համեմատումն ու համադրումը»: Այս խոսքերը պատկանում են Նոբելյան մրցանակակիր Սուբրամանյան Չանդրասեկարին` 20-րդ դարի մեկ այլ հայտնի ֆիզիկոսին և աստղաֆիզիկոսի:
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ. Թբիլիսիում: Նրա հայրը` Համազասպ Համբարձումյանը առաջինն էր հայտնաբերել որդու հետաքրքրությունները թվաբանական հաշվարկների հանդեպ: Երբ Վիկտորը 4 տարեկան էր, կարողանում էր հեշտությամբ բազմապատկել երկնիշ թվերը: Թվերի անսահման աշխարհի հանդեպ նրա սերը շուտով նրան տարավ դեպի աստղագիտություն, դեպի անսահման տիեզերքի օբյեկտները, և 1920-21 թթ. Նա կարդում էր աստղագիտության վերաբերյալ ձեռք ընկած բոլոր գրքերը:
1924 թ. նա մեկնեց Լենինգրադ, որպեսզի ընդունվի Լենինգրադի պետական համալսարանը: Նրա գիտական հետազոտությունները սկսվեցին շատ վաղ և նա իր առաջին գիտական հոդվածը հրապարակեց, երբ ընդամենը 18 տարեկան էր: Հետագայում նա մի քանի հարյուր գիտական աշխատանք հրատարակեց բավականին լայն բնագավառներում` ատոմային միջուկի ֆիզիկայից մինչև աստղային դինամիկա, ճառագայթման տեղափոխման խնդիրներ, աստղային ու գալակտիկական կոսմոգոնիա և այլն:
Համբարձումյանն այլոց համար նոր հետազոտական բնագավառներ բացող առաջամարտիկ էր: Նրա հոդվածները մինչև օրս կարող են օրինակ ծառայել, թե որքան նրբաճաշակ և պարզ կարող են ներկայացվել նույնիսկ ամենաբարդ գաղափարները: Իր կյանքի արդեն ուշ շրջանում, երբ նա արդեն հայտնի գիտնական էր և մի անգամ իր փորձառությունն էր կիսում երիտասարդ աստղագետների հետ, նա խոստովանել է. «երբեմն բավականին հաջող հետազոտություններ նոր ուղղություններ եմ բացել, բայց երբեք նույն հաջողությամբ չեմ զարգացրել ու ավարտել դրանք»:
1934 թ.-ին նա իր հարազատ համալսարանում հիմնադրեց Խորհրդային Միությունում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը և դարձավ դրա վարիչը: 31 տարեկանում ընտրվեց Խորհրդային գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Նույն տարի նա նշանակվեց Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր գիտական աշխատանքների գծով:
1943 թ.-ին Համբարձումյանի կյանքում նոր փուլ սկսվց. Նա ընտանիքով տեղափոխվեց Հայաստան և նշանակվեց Հայաստանի գիտությունների նորաստեղծ ակադեմիայի փոխնախագահ: 1946 թ.-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը: 1947-ին դարձավ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և այդ պարտականությունները կատարեց մինչև 1993 թվականը: 1961 թ.-ին նա ընտրվեց Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) նախագահ և վիթխարի ճիգեր էր գործադրում, որպեսզի բարելավեր դրա գործունեությունը: Պրոֆեսոր Ժան-Կլոդ Պեկերը, որն այդ ժամանակ հանդիսանում էր ՄԱՄ-ի գլխավոր քարտուղարի օգնականը, հիշում է. «Պրոֆեսոր Համբարձումյանի խելամիտ, հումորով առլեցում վերաբերմունքն անհնար է մոռանալ: Նա շատ մեծ ազդեցություն ուներ աշխարհի աստղաքաղաքականության վրա: Իմ սերնդի բոլոր աստղագետներն այդ ժամանակաշրջանը յուրատեսակ կարոտախտով են հիշում»: 1964 թ.-ին նա ավարտեց ՄԱՄ-ի իր նախագահության 3 տարին, բայց շատ չանցած, 1968 թ.-ին ընտրվեց Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ: Ավելին, երկու տարի անց նա նույն պաշտոնում ընտրվեց երկրորդ անգամ, ինչն աննախադեպ էր այդ հեղինակավոր կազմակերպության պատմության մեջ:
Վերլուծելով նրա կյանքը, կարելի է եզրակացնել, որ նա հասել է գիտական բոլոր հնարավոր պաշտոններին, ստացել մեծ թվով մեդալներ ու մրցանակներ, ընտրվել երեք տասնյակ ակադեմիաների անդամ` ներառյալ աշխարհի հինգ խոշորագույն ակադեմիաները, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, հանրապետության անկախանաուց հետո դարձել Հայաստանի Ազգայի հերոս, միշտ գտնվել սոցիալական սանդղակի վերին դիրքերում:
Այս համառոտ անդրադարձը ավարտենք 20-րդ դարի մեկ այլ խոշոր աստղագետի` Յան Օորտի խոսքերով. «Ես վաղուց եմ դադարել զարմանալ, թե ինչպես են մեկը մյուսի հետևից իրականանում բոլոր վարկածները, որ շատ տարիներ առաջ մարգարեաբար արել էր Համբարձումյանը: