Մարտի 20-ին Եվրոպական Տիեզերական Գործակալությունը՝ ESA-ն հրապարակել է մամլո-հաղորդագրություն, որում հայտնում է հաջորդ միջին դասակարգման գիտական-տիեզերական ծրագրի ընտրության մասին: Այն իրականացվելու է Cosmic Vision ծրագրի շրջանակներում: Այդ ընտրությունը կանգնել է Ariel (Atmospheric Remote-sensing Exoplanet Large-survey) տիեզերական դիտակի վրա:
Վերջինիս մրցակցող ծրագրերն են եղել տիեզերական պլազմայ ուսումնասիրության Thor (Turbulence Heating ObserveR) և բարձր էներգիաներով մասնիկների ֆիզիկայի ուսումնասիրության Xipe (X-ray Imaging Polarimetry Explorer) աստղադիտարանները:
Ariel-ը նախատեսված է գերերկրից մինչև գազային հսկա դասի տաք և շիկացած արտաարեգակնային մոլորակների մթնոլորտների ուսումնասիրության համար: Սահմանված գիտական խնդիրների լուծման համար այն կզինեն 1 մ տրամագծով հայելով: Աստղադիտակը ունակ կլինի ինչպես տեսանելի, այնպես էլ ինֆրակարմիր տիրույթի դիտումներ իրականացնել: Իր գործունեության ընթացքում այն պետք է ուսումնասիրի այլ աստղերի շուրջ պտտվող առնվազն հազար էքզոմոլորակներ:

Որպեսզի էքզոմոլորակի գազային շերտի բաղադրությունը որոշվի, աստղադիտակը կուսումնասիրի դրա սպեկտրը աստղի սկավառակի վրայով անցնելու ժամանակ: Ակնկալվում է, որ Ariel-ը կկարողանա բացահայտել ջրի, ածխաթթու գազի, մեթանի, ինչպես նաև ավելի էկզոտիկ կոմպոնենտների առկայությունը: Որոշ դեպքերում այն ունակ կլինի գրանցել ամպամածությունը, ինչպես նաև մթնոլորտի սեզոնային և օրական փոփոխությունները: Այդ տվյալները պետք է օգնեն լրացնել մեր գիտելիքները աստղերի և իրենց շուրջ պտտվող մոլորակների հատկությունների փոխկապակցվծության մասին:

Ariel-ը նախատեսվում է տիեզերք ուղարկել 2028 թ. կեսին: Դրա արձակման համար պատրաստվում են օգտագործել այս պահին մշակվող Ariane 6 հրթիռը: Վերջինս աստղադիտակին դուրս կբերի Երկիր-Արեգակ համակարգի L2 լագրանժյան կետ, որը գտնվում է մեր մոլորակից 1.5 մլն կիլոմետր հեռավորության վրա՝ Երկրի նկատմամբ Արեգակի հակառակ կողմում:
