James Webb-ի արձակումը կրկին հետաձգվում է

Երեկ ՆԱՍԱ-ն հայտարարեց James Webb տիեզերական աստղադիտակի պատրաստվածության աստիճանի մասին անկախ գնահատման արդյունքները: Դրանք բավական սպասելի էին: Ըստ գործակալության պաշտոնական հայտարարության, աստղադիտակի արձակման մոտավոր ժամանակը հետաձգվել է մինչև 2020  թ. մայիս ամիսը:

James Webb աստղադիտակի արձակումը հետաձգելու հնարավորության մասին հայտնի էր արդեն ԱՄՆ հաշվիչ պալատի (GAO) փետրվարյան հաշվետվությունից հետո: Մասնավորապես փաստաթղթում նշված էր, որ ի սկզբանե ՆԱՍԱ-ի ղեկավարությունը թերագնահատել է նախագծի տեխնիկական բարդություններն ու ունեցած միջոցներն անարդյունավետ է բաշխել: Դա էլ բերել է ձգձգումների և գերածախսերի մի ամբողջ շարքի: Նաև պնդում են, որ ծրագրի ինժեներներն աստղադիտակի ջերմապաշտպան էկրանի տեղադրման փորձերի ժամանակ մի շարք խնդիրների են հանդիպել: Խնդիրներ են առաջացել նաև աստղադիտակի շարժիչի փականների հետ, որոնք ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն փոխարինել:

James Webb աստղադիտակի հայելին հավաքված վիճակում: Աղբյուրը՝ NASA/Chris Gunn

Փաստացի ՆԱՍԱ-ի հայտարարությունն ամբողջությամբ հաստատում է GAO-ի զեկույցը: Մասնավորապես, ջերմապաշտպան էկրանի աշխատունակության ստուգման ժամանակ հայտնաբերվել են մինչև 10 սմ երկարության անհամապատասխանություններ: Այս խնդրի լուծումը բավական ժամանակ կպահանջի, սակայն ժամանակի ամբողջ պահուստն օգտագործվել է նախորդ փորձարկումների ժամանակ բացահայտված թերությունների վերացման վրա: Այսպիսով, միակ հնարավոր ելքն այս դեպքում մնում է արձակման ժամկետի տեղափոխումը:

Սա James Webb-ի համար բնավ առաջին տեղափոխումը չէ: Երբ աստղադիտակի նախագիծն առաջին անգամ հայտարարվեց, դրա արձակումը նախատեսվում էր դեռևս մինչև 2010 թ.: Շարունակական ձգձգումներն ու գերածախսը բերեց նրան, որ 2011 թ. Կոնգրեսը մեծ ջանքերի գնով միայն չկասեցրեց նախագիծը: Արդյունքում ՆԱՍԱ-ն կարողացավ աստղադիտակի ծրագիրը շարունակել, բայց այն պայմանով, որ դրա բյուջեն չպետք է գերազանցի 8 միլիարդ դոլարը: Սակայն, հաշվի առնելով նաև վերջին հետաձգումը՝ գործակալությունը դժվար թե կարողանա կատարել պարտավորությունը:

James Webb-ի արձակման ժամկետների հետաձգման և ծախսերի ավելացման գրաֆիկը:  Աղբյուրը՝ @FrancescaCivano

Սա նշանակում է, որ նախագծի հետագա ֆինանսավորման համար նոր որոշում պետք է ընդունվի: Իհարկե քիչ հավանական է, որ տվյալ իրավիճակում Կոնգրեսը կորոշի հրաժարվել James Webb-ի համար հավելյալ ֆինանսներ տրամադրելուց: Սակայն այս վատ նախադեպը կարող է արդեն բացասական ազդեցություն ունենալ հաջորդ սերնդի WFIRST աստղադիտակի ապագայի վրա: Ծրագրի հեղինակները հույս ունեին, որ James Webb-ի արձակումից հետո արդեն մնացած ֆինանսները հնարավոր կլիներ ուղղել դեպի նախագիծը: Սակայն այժմ դա էլ հնարավոր չէ:

James Webb-ի 6.5 մետրանոց հայելին: Աղբյուրը՝  NASA/Desiree Stover

Ինչ վերաբերվում է James Webb-ին, ապա դրա գլխավոր բաղադրիչները գտնվում են Կալիֆոռնիայում տեղակայված Northrop Grumman ընկերությունում: Այնտեղ արդեն դրանք կհավաքվեն որպես մի ամբողջություն, որից հետո հայելու ու ջերմապաշտպանիչ էկրանի տեղակայման վերջնական փորձարկումները կարվեն: Նրանք պետք է հաստատեն, որ տիեզերքում համապատասխան ուղեծիր դուրս գալուց հետո տիեզերական ապարատի բոլոր համակարգերը կաշխատեն ինչպես հարկն է:

 

Աղբյուրը՝  https://www.nasa.gov

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: