ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) SpaceX ընկերությանը թույլատրել է արձակել 4425 փոքր արբանյակներ, որոնք նախատեսված կլինեն Starlink ինտերնետի գլոբալ համակարգի տեղակայման համար: Ըստ փաստաթղթի պայմանների՝ SpaceX-ը պետք է այդ արբանյակների առնվազն կեսն արձակի մինչ 2024 թ. մարտի 29-ը: Մնացած արբանյակներն արդեն դուրս կբերվեն տիեզերք մինչ 2027 թ. մարտի 29-ը:
Չնայած SpaceX-ը ստացել է Starlink-ի ստեղծման իրավունք, սակայն ընկերության ղեկավարությունը գոհ չի մնացել դրա պայմաններից: Փաստորեն ընկերությունն ունի ընդամենը վեց տարի, որպեսզի հասցնի պատրաստել ու արձակել ավելի քան երկու հազար արբանյակ: Դա ավելին է քան այժմ տիեզերքում գործող բոլոր արբանյակները միասին վերցրած: Եթե SpaceX-ը չկարողանա տեղավորվել սահմանված ժամկետների մեջ, ապա FCC -ի թույլտվությունը կսառեցվի:
Հայտնի է, որ իր հայտի մեջ առաջիկա վեց տարվա համար SpaceX-ը նախատեսել էր 1600 արբանյակների արձակում: Սակայն FCC-ն այս խնդրանքը հաշվի չի առել: Միևնույն ժամանակ, հանձնաժողովը SpaceX-ին հնարավորություն է թողել հետագայում դիմելու, որպեսզի վերանայվեն թույլատվության պայմանները:

Հետաքրքիրն այն է, որ SpaceX-ը միակ ընկերությունը չէ, որ FCC-ի կողմից ստացել է ԱՄՆ տարածքում արբանյակային ինտերնետ ծառայություններ տրամադրելու թույլատվություն: Այս պահի դրությամբ նման թույլատվություն ունեն OneWeb (720 արբանյակ), Telesat Canada (117 արբանյակ) և Space Norway (2 արբանյակ) ընկերությունները:
Starlink-ի այսքան շատ արբանյակներից բաղկացած լինելու հեռանկարը բնական մտավախություն է առաջացնում, որ տիեզերքը չափազանց շատ կլցվի «տիեզերական աղբով»: Սակայն SpaceX ընկերությունը վստահեցնում է, որ շահագործումից դուրս եկող արբանյակները ուղեծրից դուրս կբերվեն ընդամենը մեկ տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքի, որ ՆԱՍԱ-ի ընթացիկ ստանդարտները սահմանում են 25 տարվա ժամկետ: Հայտնի է նաև, որ Telesat և Viasat ընկերությունները խնդրել են FCC-ին, որ SpaceX-ին չտրամադրվի վերոնշյալ թույլատվությունը՝ հիմնավորելով, որ Starlink-ի արբանյակների խոտորումները կխոչընդոտեն իրենց ապարատների բնականոն աշխատանքը: Սակայն Իլոն Մասքի ընկորությունը կարողացել է հանձնաժողովի անդամներին համոզել, որ իրենց համակարգը ոչ մի կերպ չի ազդի այլ տիեզերական տեխնիկայի գործունեության վրա:
Արժե նշել, որ իր ամբողջական վիճակում Starlink համակարգի արբանյակները կազմված կլինեն այսպես կոչվածերկու համաստեղություններից. 1150ից 1325 կմ բարձրության վրա գտնվող 4425 արբանյակների խմբից և ցածր ուղեծրով պտտվող (335-346 կմ) 7518 արբանյակների խմբից: FCC-ի այս թույլատվությունը վերաբերվում է միայն առաջին խմբի արբանյակներին: SpaceX-ի ներկայացուցիչների խոսքով՝ համակարգի սկզբնական աշխատանքային վիճակին հասնելու համար անհրաժեշտ կլինեն 800-900 արբանյակներ:
Այս տարվա փետրվար ամսին SpaceX-ն արդեն հաջողությամբ դուրս էր բերել ուղեծիր համակարգի առաջին երկու նախատիպերը՝ Microsat-2a-ն և Microsat-2b-ն: Դրանց օգնությամբ ընկերությունը մտադիր է փորձարկել ուղղորդված ճառագայթների առաջացման տեխնոլոգիայի հիման վրա աշխատող նոր անտենաների ֆազավորված ցանց, ինչպես նաև որոշ միջ-արբանյակային կապի սարքավորումներ:
Աղբյուրը՝ http://spacenews.com