Ռեկորդային հեռավորության վրա «Հաբլը» դիտել է առանձին աստղ

Այն աստղերը, որոնք կարելի է դիտել անզեն աչքով հիմնականում ընկած են մեզանից մի քանի հարյուր լուսատարի հեռավորության տիրույթում: Ժամանակակից աստղադիտակները, սակայն, թույլ են տալիս լուսանկարել անգամ Ծիր Կթին գալակտիկայից 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա գտնվող գալակտիկաների առանձին աստղեր: Բայց եթե խոսքը գնում է ավելի մեծ հեռավորությունների մասին, անգամ ամենահզոր դիտակները դառնում են անկարող այս գործում:

Բարեբախտաբար, տիեզերքի օրենքները երբեմն աստղագետներին օգնության են հասնում այս գործում: Ինչպես հայտնի է,զանգվածեղ աստղերի գրավիտացիան ազդում է մոտակայով տարածվող լույսի փնջի հատկությունների վրա՝ ուժեղացնելով ու կորացնելով ճառագայթները: Այս երևույթը կոչվում է գրավիտացիոն լինզավորման երևույթ: Աստղագետներին այս երևույթը վաղուց հայտնի է, ու նրանք բազմիցս են օգտագործել դրա հատկությունները հեռավոր տիեզերքի օբյեկտների ուսումնասիրության համար, որոնք բավական թույլ են և փոքր անկյունային չափ ունեն, որպեսզի դիտվեին աստղադիտակներով:

2016 թ. ապրիլին ԱՄՆ և Իսպանիայի աստղագետների մի խումբ MACS J1149 գալակտիկաների կույտի ուսումնասիրություն է իրականացրել, որը գտնվում է Ծիր Կաթնից հինգ միլիարդ լուսատարի հեռավորության վրա՝ Առյուծի համաստեղությունում: Այն ավելի հեռու գալակտիկաների համար գործում է գրավիտացիոն լինզայի դերում: Հաբլի աստղադիտակով աստղագետները փորձում էին լուսանկարել Refsdal անունը ստացած հեռավոր գերնորը: Այն բռնկվել էր ֆոնի գալակտիկաներից մեկում, իսկ դրա լույսը ուժեղացվել էր «լինզայի» կողմից։

MACS J1149.5+223 գալակտիկաների կույտ: Աղբյուրը՝ NASA, ESA, S. Rodney (John Hopkins University, USA) and the FrontierSN team.
Դիտումների ժամանակ աստղագետները ուշադրություն են դարձրել նույն գալակտիկայում գտնվող կետային աղբյուրին, որում որ գտնվում էր գերնորը: Ուսումնասիրելով դրա սպեկտրը և բնութագրիչները՝ գիտնականները պարզել են, որ ոչ թե գործ ունեն գերնորի կամ գամմա բռնկման հետ, այլ մի նորմալ աստղի, որը պատկանում է կապույտ գերհսկա աստղերի դասին: Աստղագետների կարծիքով՝ լուսատուն սկսել է երևալ այն բանից հետո, երբ դրա դիրքը գալակտիկայում փոխվել է այնպես, որ դրանից եկող լույսն անցել է մեկ այլ զանգվածեղ աստղի կողքով, որի գրավիտացիան էլ երկրորդ ոսպնյակի դերն է կատարել: Արդյունքում հսկա աստղի լույսը պայծառացել է 2000 անգամ, ինչի շնորհիվ էլ այն հնարավոր է եղել դիտել Հաբլի աստղադիտակով:

Հաբլի աստղադիտակով 2016 թ. ստացված «Իկար» աստղի պատկերը: Աղբյուրը՝ NASA, ESA, and P. Kelly (University of Minnesota)
Աստղագետները նոր հայտնաբերվածօբյեկտն անվանել են «Իկար»: Դրա ճառագայթած լույսին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է եղել 9 միլիարդ տարի: Այս պահի դրությամբ այն Ծիր Կաթնից ամենահեռու աստղն է, որն աստղագետները կարողացել են լուսանկարել: Համեմատության համար՝ որին էր պատկանում մինչ այդ «ամենահեռվում հայտնաբերված աստղ»տիտղոսը, գտնվում է «Իկար»-ից 100 անգամ ավելի մոտ: Այս հայտնագործության մասին հոդվածը տպագրվել է Nature հեղինակավոր ամսագրի ամենաթարմ համարում:

«Իկարի» պատկերը Հաբլի աստղադիտակով: Աղբյուրը՝ NASA, ESA, S. Rodney (John Hopkins University, USA) and the FrontierSN team.
«Իկարի» դիտման արդյունքների համեմատությունը կապույտ գերհսկաների մոդելավորված սպեկտրի հետ: Աղբյուրը՝ NASA, ESA, and A. Feild (STScI)
Անհրաժեշտ է նշել, որ բացի ռեկորդային հեռավորությամբ աստղի հայտնաբերումից, աստղագետները կարողացել են նաև մութ նյութի էության մասին քննարկվող վարկածների հնարավորությունը փորձարկել: Ըստ որոշ ենթադրությունների դրա մեծ մասը բաղկացածէ այն նախնական սև խոռոչներից, որոնք առաջացել են Մեծ Պայթյունի ժամանակ: Սակայն գրավիտացիոն լինզավորման երևույթի նման դիտումներն այս տարբերակին բացառող դեր են կատարում:

Աղբյուրը՝ https://www.spacetelescope.org/news/heic1807/

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑