Համեմատաբար սառը և փոքր զանգվածով կարմիր աստղերի (կարմիր թզուկների) շրջակայքում կյանքի հնարավոր գոյության հարցը հանդիսանում է աստղակենսաբանության կարևորագույն խնդիրներից մեկը: Մի կողմից այսպիսի լուսատուները կազմում են Ծիր Կաթնի աստղային բնակչության մոտ 75%-ը, իսկ դրանց կյանքի տևողությունը կարող կարգով հասնել տրիլիոն տարի: Մյուս կողմից, կարմիր թզուկները բավական սեղմ են և խիստ անկայուն: Դրանք կարող են շատ կարճ ժամանակահատվածում կտրուկ փոխել պայծառությունը և հզոր բռնկումներ դրսևորել: Այսպիսի համակարգերում «բնակեցվածության գոտին» գտնվում է աստղից ոչ շատ մեծ հեռավորության վրա: Այդտեղ գտնվող մոլորակները կարող են ենթարկվել աստղի այս անկայունությունների ազդեցությանը, ինչը կարող է ամբողջությամբ վերացնել այնտեղ գտնվող կյանքի ցանկացած դրսևորում:
Գերմանացի աստղագետների մի խումբ որոշել է ուսումնասիրել կարմիր թզուկների բռնկումների հնարավոր ազդեցությունը դրանց «բնակեցվածության գոտում» գտնվող մոլորակների վրա: Դրա համար հետազոտողներն ընտրել են Առյուծի համաստեղության AD աստղը, որը գտնվում է 15.9 լուսատարի հեռավորության վրա: Դրա ռադիալ արագության պարբերական փոփոխությունը խոսում է այն մասին, որ դրա շուրջը պտտվում է առնվազն մեկ զանգվածեղ մոլորակ (0.23 Յուպիտերի զանգվածով): Այս տվյալները դեռևս այլ դիտումներով հաստատված չեն:
Մարսի օվկիանոսներն ավելի շուտ են առաջացել քան ենթադրվում էր

Այս տարվա փետրվար ամսին աստղագետները Առյուծի AD աստղի մոտ հզոր բռնկում են գրանցել: Դիտումները ցույց են տվել, որ ի տարբերություն արեգակնային բռնկումների, սրանք չեն ուղեկցվում աստղի պսակից նյութի ժայթքմամբ: Հետևաբար, այն չպետք է ազդեր մոտակա պոտենցիալ էքզոմոլորակների մթնոլորտների վրա: Սա կարմիր թզուկների շուրջ «կյանք փնտրողների» համար հիանալի նորություն է: Սակայն շատ աստղագետներ գտնում են, որ այսպիսի աստղերը կարող են ամբողջությամբ «փչել-սրբել» իրենց մոլորակների մթնոլորտները:
Իրականում վատ նորությունն այստեղ այն է, որ աստղի բռնկումներն ուղեկցվել են հզոր ռենտգենյան ճառագայթմամբ: Հետազոտողների կողմից առաջարկված մոդելի համաձայն, այն հանգիստ կանցներ օզոնային շերտով և մոլորակի մակերևույթն ամբողջության կստերիլիզացներ: Ավելին, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, ընդամենը երկու տարի է պետք կարմիր թզուկի ռենտգենյան ճառագայթմանը, որպեսզի այն վերացներ Երկրին համեմատական մոլորակի օզոնային շերտի 94%-ը: Այսպիսով Առյուծի համաստեղության AD աստղի շուրջ «բնակեցվածության գոտւմ» գտնվող ենթադրվող մոլորակների վրա կյանքը կարող է գոյություն ունենալ միայն օվկիանոսներում:
Աղբյուրը՝ http://astrobiology.com