Շարունակելով կիրառել ուսումնական նոր նախաձեռնություններ` «Տիեզերք» ակումբն ամռանը հերթական ուսումնական ծրագիրն է իրականացնելու: Այս անգամ կազմակերպում ենք տիեզերագիտական ճամբար, որը կարճ ժամանակում հնարավորություն կընձեռի համընդհանուր տեղեկություններ ստանալ աստղագիտության և տիեզերագնացության մասին, ինչպես նաև թույլ կտա հասկանալ հրթիռաշինության կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ճամբարի մասնակիցները կկազմեն փոքր խմբեր և կպատրաստեն սեփական հրթիռները, որոնցով էլ կմասնակցեն ճամբարի մրցույթին, իսկ լավագույն ցուցանիշներով հրթիռների հեղինակները կպարգևատրվեն: Ամեն երեկո կկազմակերպվի գիշերային դիտումներ, իսկ ցերեկվա ժամերին բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան աստղացուցարանում դիտել ֆիլմերի ամբողջ շարքը:
Ճամբարը լինելու է բաց հանրապետության բոլոր դպրոցների, սովորողների համար, իսկ արդեն հաջորդ տարի այն կկրի միջազգային բնույթ: Բացի ուսումնական գործունեությունից այն հարուստ կլինի հայրենագիտական, մշակութային և սպորտային միջոցառումներով:
Այս նախաձեռնությունը թույլ կտա ամբողջ հանրապետությունից տիեզերագիտական հետաքրքրություններով սովորողներին հավաքել մի միջավայրում, խթանել նրանց շփումները, հաղորդել համապարփակ գիտելիքներ և հետագայում նրանց ուսուցումը և ստեղծագործական աշխատանքներն իրականացնել առցանց:
Թողնել կարծիք